Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Washington post-ի հետ զրույցում հաստատել են՝ այս ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, Washington post-ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է՝ հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։ Արդյոք ենթադրվում է, որ կողմերը կստորագրեն ամիսներ առաջ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, թե խոսքը միայն բանավոր հայտարարության մասին է, Washington post-ը չի հստակեցնում։
Մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանն էլ X-ում հրապարակել է հանդիպումների ժամանակացույցը։ Ըստ այդմ, նախագահ Թրամփը այս ուրբաթ՝ Վաշինգտոնի ժամանակով 2:30 կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, 50 րոպե անց` Ադրբեջանի նախագահի, ապա հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ։
Այս հանդիպման մասին առաջին տեղեկությունները շրջանառվեցին շաբաթասկզբին ադրբեջանական մամուլում։ Նախօրեին էլ մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուն էր այդ մասին հոդված հրապարակել։ Հայաստանի կառավարությունից առայժմ չեն հերքել, բայց և չեն հաստատել այս տեղեկությունը՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրության։
Մինչ այդ Washington post-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ՝ անցած հոկտեմբերին, Դոնալդ Թրամփն իր Truth Social ցանցում քննադատել էր մրցակից Կամալա Հարիսին՝ «Արցախից 120,000 հայ քրիստոնյաների սարսափելի հալածանքի ու բռնի տեղահանության ժամանակ ՈՉԻՆՉ չանելու համար», խոստանալով «դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները»։ «Մենք կվերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել էր նա։
Թերթը միաժամանակ փաստում է, որ սա Դոնալդ Թրամփի հերթական խաղաղասիրական նախաձեռնությունն է։ Հունիսին ԱՄՆ-ի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ու Ռուանդան խաղաղության համաձայնագիր ստորագրեցին Օվալաձև աշխատասենյակում, ինչից հետո Թրամփը հայտարարեց. «Ընդամենը մի քանի ամսում մենք խաղաղության հասանք Հնդկաստանի և Պակիստանի, Կոնգոյի և Ռուանդայի, ինչպես նաև մի քանի այլ երկրների միջև»։
«Վերջին ամիսներին բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ Դոնալդ Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի»,-գրում է Washington post-ը, մանրամասնելով,-«Սա մի մարտավարություն է, որով նրանք փորձում են նշանավորել Թրամփի խաղաղասիրական ջանքերը, ինչպես նաև նրա բարեհաճությունը շահել»։