Երևանի քաղաքապետարանն արդյունավետ է համարում մայրաքաղաքում հունիսի 17-ից իրականացված երթևեկության փորձնական փոփոխությունները, «Ազատությանը» փոխանցեց տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
«Փաստ է, որ որոշ չափով երթևեկության հոսքերը տվյալ հատվածներում դանդաղեցին, բայց դրա փոխարեն ունեցանք տվյալ հատվածներում ապրող ավելի արագ երթևեկող հասարական տրանսպորտ», - ասաց նա:
Արգիշտի փողոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում, երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել դեպի «Հաղթանակի» կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Այդ գոտուց հնարավոր կլինի կատարել ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց: Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով, որոնցից առաջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Այդ ճանապարհահատվածում կտեղադրվի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ:
Արգիշտիի փողոցի՝ «Երևան պլազա»-ին հարող հատվածում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Միաժամանակ Խորհրդարանի փողոցի կողմից կթույլատրվի մուտքը միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի:
Հենց այս հատվածում արված փոփոխությունն է վարորդներից շատերի համար խնդրահարույց:
«Բռնել են, ավտոբուսի գծեր են քաշել, մի ռյադը փակել են, սաղ պռոպկա է», - ասում են նրանք:
Վազգեն Հարությունյանն ասում է՝ այս փոփոխությունների շահառուն հասարակական տրանսպորտից օգտվողներն են, բայց գիտեն, որ մասնավոր մեքենաների վարորդների համար սա որոշակի լարվածություն է ստեղծել. «Առավելությունը պետք է տանք հասարակական տրանսպորտին, որովհետև մեր հասարակական տրանսպորտի տեղատարողությունը հասնում է մինչև 85-ի օրինակ «Ման»-ի պարագայում, իսկ անձնական ավտոմեքենայի պարագայում յուրաքանչյուր ավտոմեքենայի մեջ կա մեկ կամ երկու ուղևոր: Հասարակական տրանսպորտը, որը տեղափոխում է 85 մարդ ավելագույնը, պետք է ունենա առավելություն այլ մասնակիցների նկատմամբ»:
Տրանսպորտի վարչության պետի պնդմամբ՝ իրենք արդեն պատրաստվում են սեպտեմբերի 1-ին, որ խցանումներն ավելի քիչ լինեն։
Առանձնացված գծերով ավտոբուսներն, ասաց, կշարունակեն ավելի արագ ընթանալ։ Ըստ նրա՝ արդեն որոշ փոփոխություններ արվել են, վերջին շաբաթվա ընթացքում Մաշտոցի պողոտայում լուսացուցային ռեժիմներ են փոխվել, սա թույլ կտա երթևեկության անընդհատությունն ապահովել մինչև Հաղթանակի կամուրջ։ Այս ամիս, ընդգծեց, փոխվելու է նաև Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի լուսացույցերի ռեժիմը։
«Մեկն էլ Մետրոպոլի դիմացի խաչմերուկը՝ Հաղթանակի կամրջի մոտ: Հիմնական հոսքը, որը գալիս է Արշակունյացից Գրիգոր Լուսավորչով, ինչպես նաև Պարոնյանից իջնող հոսքը, այդ լուսացույցային օբյեկտների տեղադիրքի փոփոխման արդյունքում հոսքերի անընդհատությունը կավելանա, կուտակումը կպակասի», - ասաց նա:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյյանը, մինչդեռ, կարծում է, որ քաղաքապետարանը նախ պետք է կայանման կարմիր գծերն ազատի, հետո ավտոբուսների համար առանձնացված գծերով պետք է երթևեկելու հնարավորություն տա նաև տաքսիներին ու առաքման ծառայություն իրականացնող մեքենաներին։
«Ամբողջ աշխարհում ավտոբուսների հետ հավասարեցված երթուղիով երթևեկում են նաև ծառայություն մատուցող՝ այսինքն տաքսիները, որը Հայաստանում չի թույլատրվում, այսինքն՝ պետք է նաև դա զուգահեռաբար իրականացնել, պետք է տաքսու ծառայություն մատուցողները լիցենզավորվեին, ունենային գրաֆիկներ, նոր միայն իրավունք ունենային այդ ծառայությունները մատուցել, և իրենք էլ հնարավորություն ունենային օգտվել այդ առանձնացված երթուղիով, որովհետև առանց դրա մենք չենք կարող երթևեկությունը կարգավորել», - նշեց նա:
Երևանի քաղաքապետարանից պնդում են՝ պատրաստվում են սեպտեմբերի 1-ին, բայց զգուշացնում են՝ մասնավոր մեքենաների երթևեկը հատկապես կենտրոնում դժվարանալու է։