Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի` ընտրանին գլխավորելու է Երևանի «Փյունիկ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ 46-ամյա Եղիշե Մելիքյանը։ Նրա թեկնածությունն արժանացել է ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների հավանությանը:
Երբ օրերս սկսեցին շրջանառվել Մելիքյանի նշանակման լուրերը, նա նշել էր, թե դեմ չէ ընտրանին գլխավորելուն, բայց իրեն այդ հարցով դեռ չեն դիմել։
Այսօր արդեն նշանակումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց Մելիքյանի հայտարարությունը.
«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»։
Մելիքյանի հետ պայմանագիրը գործելու է մինչև 2026 թվականի նոյեմբեր:
Ֆուտբոլի ֆեդերացիան այսօր՝ Մելիքյանի նշանակումից րոպեներ առաջ, հայտնեց, որ ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը որոշում են կայացրել փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությունը:
ՀՖՖ-ն շնորհակալությունն է հայտնել ազգային հավաքականը կես տարի ղեկավարած վան’տ Սխիպին և նրա աշխատակազմին պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։
«Չնայած համագործակցությունը կարճաժամկետ էր, բայց հուսանք՝ նրա աշխատանքը հիմք դրեց ապագա առաջընթացի համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով», - հայտարարել է ֆեդերացիան:
Հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչն իր հերթին հաջողություն է մաղթել թիմին. - «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության և համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»:
Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ հավաքականը 4 հանդիպում է անցկացրել, որից 3-ն ավարտվել են պարտությամբ, 1-ը՝ ոչ-ոքի: 4 խաղի ընթացքում հավաքականն ընդամենը 5 գնդակ է խփել մրցակցի դարպասը, 16-ը՝ բաց թողել։
Հավաքականի այս վատ ելույթներից հետո ֆուտբոլային հանրույթը դժգոհ էր, նրանք անգամ ֆեդերացիայի նախագահի հրաժարականն էին պահանջում, դրա համար արդեն մի քանի ամիս է՝ ակցիաներ են անցկացնում ֆուտբոլային հանդիպումների ընթացքում:
Եղիշե Մելիքյանին գլխավոր մարզչի պաշտոնում նաև երկրպագուներն էին ցանկանում տեսնել։ Մելիքյանն, ի դեպ, մինչ նշանակումը կոշտ քննադատության էր ենթարկում ֆեդերացիային, հրաժարվում էր ֆեդերացիայի մրցանակներից։
Մելիքյանի նշանակումն անակնկալ են համարում մարզասերները, մարզական լրագրողները: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որ ֆեդերացիան նման որոշում կայացրեց, հարցը հրապարակավ դեռ անպատասխան է։
«Մելիքյանի մասով կրկնեմ այս միտքը՝ վերջին տասնամյակում ոչ մի հայ մարզիչ ավելի շատ չէր վաստակել հավաքականը գլխավորելու իրավունքը, քան նա։ Արդյունքներ, թիմի հոգեբանություն, ճկուն տակտիկա: Նշանակումն անսպասելի էր, որովհետև ՀՖՖ ղեկավարությունը դեռ երկու ամիս առաջ նույնիսկ մասնավոր զրույցների մակարդակում Մելիքյանին չէր համարում լավ թեկնածու այս պաշտոնի համար։ Ի՞նչ փոխվեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Արման Աբելյանը՝ շարունակելով. - «Ինձ ոչ այդքան այդ հակամարտությունների հարցն է մտահոգում, այլ՝ Մելիքյանի գլխավորելու շարժառիթը, որովհետև Մելիքյանը ուզում է ընկերական խաղեր ունենալ մինչև պաշտոնական հանդիպումները, բայց այս դեպքում առաջիկա խաղին մեկ ամիս է մնացել, ու շատ բարդ խաղ՝ Պորտուգալիայի դեմ, և այս դեպքում մարզչի համար շատ մեծ ռիսկ է գնալը այս քայլին: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Մելիքյանը ստացել է համապատասխան երաշխիքներ, որ կարող է մեծ փոփոխություններ կատարել»:
Աբելյանը կարծում է, որ այս նշանակումն ավելի վաղ պետք է արվեր: Ըստ նրա՝ Մելիքյանին կհաջողվի հավաքականի ներկայիս արդյունքներից ավելի լավ արդյունքներ գրանցել:
«Հիմա հավաքականի համար բարդ ժամանակահատված է, բայց, ինձ թվում է, որոշակի փոփոխությունների դեպքում կարելի է առաջխաղացում սպասել: Ուղղակի մեզ մոտ մի փոքր խեղաթյուրված են այդ կարծիքները՝ որն է լավ արդյունքը մեզ համար՝ մենք կա՛մ ոչինչ չենք սպասում, կա՛մ միանգամից ինչ-որ հրաշքի ենք սպասում: Ինձ թվում է՝ արդարացված սպասելիքը խաղի բարելավումն է, այն, որ թիմը պայքարի յուրաքանչյուր խաղում և ունենա ներկայիս վիճակից ավելի լավ արդյունքներ: Մելիքյանի օրոք դա կարծում եմ իրատեսական է», - ասաց մարզական մեկնաբանը:
Եղիշե Մելիքյանը մարզչական կարիերան սկսել է 2015-ին, երևանյան «Փյունիկ»-ը գլխավորում էր 2021-ից։ Հավաքականի կազմում 29 խաղ է անցկացրել, ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2013-ին, վերջին ակումբն ուկրաինական «Գովեռլա»-ն է եղել։