«Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու գործընթացին զուգահեռ կառավարությունը քննարկում է ամենախոշոր կապի օպերատոր «Վիվա Արմենիայի» պետական 20 տոկոս բաժնեմասերը վաճառելու հարցը: Գործադիրը 1.5 տարի առաջ էր այս բաժնեմասերը նվեր ստացել ընկերության նոր սեփականատեր FEDILCO GROUP LIMITED-ից: Այժմ նվիրատուն առաջարկում է իր նվերը հետ գնել:
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում թույլատրեց Կիպրոսում գրանցված FEDILCO GROUP LIMITED-ի հետ վաճառքի օպցիոնի պայմանագիր կնքել: Սա ենթադրում է, որ մի շարք ընթացակարգային հարցեր լուծելուց հետո կառավարությունն իրավունք է ստանում գնորդից պահանջել ձեռք բերել 20 տոկոս բաժնետոմսերը: Գինն էլ են սահմանել՝ 50 միլիոն դոլար: Ըստ այսօր ընդունված որոշման՝ նախատեսում են օպցիոնի ժամկետը մինչև 2028-ի մայիս սահմանել, այսինքն՝ այս ժամանակահատվածում կառավարությունը կկարողանա գործարքի պահանջով դիմել ընկերությանը:
«Ոչ մեկը թող խեթ հայացքով մեզ չնայի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր ընդունված փաստաթղթերում, սակայն, չի հիմնավորվում հնարավոր գործարքի անհրաժեշտությունը, միայն հայտնում են՝ ընկերությունն է առաջարկել, իրենք էլ, հաշվի առնելով առաջարկն ու հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը, որոշել են թույլատրել համապատասխան պայմանագրի ստորագրումը:
Ինչո՞ւ են համաձայնել, ինչպե՞ս է 50 միլիոն դոլար գինը որոշվել, ի՞նչ սկզբունքներով են մի կողմից հանրային ծառայություն մատուցող ՀԷՑ-ը փորձում պետականացնել, մյուս կողմից՝ քննարկում հանրային ծառայություններ մատուցող մեկ այլ խոշոր ընկերության բաժնեմասերի օտարումը. այս հարցերն առայժմ անպատասխան են: Կառավարությունն այսօր կողմ քվեարկեց առանց հրապարակային քննարկումների:
Ավելին, նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հստակ ոչինչ չասաց. «Քանի որ մեր որոշումը չէ, ես սխալ ճիշտ չէ, որ հիմա դնեմ, մեկնաբանեմ տառ առ տառ, առավել ևս եթե մերը չէ»:
Կառավարության քայլերը մեկը մյուսին չեն համապատասխանում, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Այս գործընթացներն իրենք իրականացնում են՝ ոչ թե ինչ-որ ընդունված, պետական, տնտեսական, գույքային քաղաքականությունից ելնելով, այլ ուղղակի անձնական այս կամ այն հաշվարկից կամ անձնական պայմանավորվածությունից ելնելով», - հավելեց նա:
«Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում», - այսօր նիստի ժամանակ շեշտեց վարչապետ Փաշինյանը:
«ՄՏՍ Հայաստանից» զատ, գործադիրը բաժնեմասեր ունի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ու «Լիդիան»-ին պատկանող Ամուլսարի հանքավայրում: Բաժնեմասերը վաճառելու իշխանությունների մտադրությունն առնվազն չի տեղավորվում թեմայի վերաբերյալ նախկինում արված հայտարարությունների տրամաբանության մեջ: Անցած այս ամբողջ շրջանում կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, հպարտանում էր ռազմավարական նշանակության ընկերություններում մասնակցությամբ:
50 միլիոն դոլար. կառավարությունը հնարավորություն կստանա վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր 20 տոկոսը
