Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում սպասվող համաձայնություններին ընդառաջ մի շարք հարցեր մնում են բաց


Հայաստան - Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանը, օգոստոս, 2025թ.
Հայաստան - Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանը, օգոստոս, 2025թ.

Չնայած Երևանի պնդումներին, թե տարածաշրջանի կապուղիները պետք է բացվեն միաժամանակ և հայկական կողմի համար չորս հիմնական սկզբունքների պահպանմամբ, Վաշինգտոնում սպասվող համաձայնություններին ընդառաջ մի շարք հարցեր մնում են բաց:

Հայտնի չէ՝ արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանապարհները բացելո՞ւ են միմյանց համար: Տարիներ շարունակված բանակցություններում հայկական կողմը մշտապես ընդգծել է ընդհանուր ապաշրջափակման կարևորությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անգամ շեշտել էր՝ այլ օրակարգ պարզապես չկա:

«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին վերցրած այդպիսի օրակարգ չկա: Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները և՛ ներքին, այսինքն ՝Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար», - պնդել էր Փաշինյանը:

Մինչ այս պահը, սակայն, երբ ժամեր են մնացել Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի առաջնորդների բանակցություններին, թե՛ միջազգային, թե՛ տեղական լրատվամիջոցները գրում են՝ լուծվում է Սյունիքով անցնող և Ադրբեջանի պահանջած 43 կիլոմետր ճանապարհի հարցը:

Լրատվամիջոցների այս պնդումների վերաբերյալ իշխանականների երեկվանից պահպանվող լռությունը քիչ առաջ խախտեց Ազգային ժողովի փոխնախագահը: Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան կարճ գրառմամբ պնդեց, թե ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է «ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա»: «Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով», - գրել է ԱԺ փոխնախագահը:

Ռուբինյանը, սակայն, չի դարձել առանցքային մյուս հարցին՝ ովքե՞ր են ստուգելու Հայաստան մուտք գործող ադրբեջանական բեռներն ու քաղաքացիներին, հայ մաքսային և սահմանային ծառայության աշխատակիցնե՞րը, թե՞ ամերիկացիները, ո՞վ է իրականացնելու անվտանգության ապահովումը: Եթե որոշվի, որ ադրբեջանցիների անցումը կազմակերպելու են ամերիկացիները, ապա Ադրբեջանի տարածքով անցման դեպքում հայաստանցիների համար ի՞նչ պայմաններ են գործելու:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG