Վաշինգտոնում Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շաբաթավերջին սպասվող հանդիպման վերաբերյալ իշխանության և ընդդիմության գնահատականները տրամագծորեն տարբեր են: Մինչ իշխանականները կարևորում են հանդիպման փաստն ու ակնարկում մոտալուտ խաղաղության հաստատման մասին, արտախորհրդարանական ընդդիմությունից «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կարծում է՝ ամերիկյան հարթակում Ադրբեջանը բարձրացնելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
«Սա սիմվոլիկ կարևոր իրադարձություն է ամերիկյան կողմի համար: Ալիևը համաձայնվել է գնալ, ես կարող եմ ենթադրել, որ դրա դիմաց նա ուզում է ամերիկյան կողմի աջակցությունը, որպեսզի նա ստանա իր բաղձալի «Զանգեզուրի միջանցքը» այսպես կոչված: Հայկական կողմի համար էլ այն կարևոր է, որովհետև այն Հայաստանում ներկայացվելու է, որ այլևս մենք անցնում ենք ԱՄՆ երաշխավորության տակ, որը նախընտրական պրոցեսներում, Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների համատեքստում կարևոր է, որ ցույց տան, որ «տեսնում եք, մենք շատ էլ լավն ենք, Ամերիկան մեզ հետ համագործակցում է», - նշեց Մարուքյանը:
Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը տեղի է ունենում տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման շուրջ վերջին ամիսների ակտիվ քննարկումների պայմաններում: Երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ ամերիկյան կողմն այդ հարցով Երևանին և Բաքվին առաջարկներ է արել: Մանրամասներ ավելի ուշ ներկայացրեց Թուրքիայում Միացյալ նահանգների դեսպանը, թե խոսքը Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի վարձակալության մասին է:
Երևանից պնդեցին՝ առաջարկվող լուծումն ընդունելի չէ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին մամուլի ասուլիսում հաստատել էր՝ ապաշրջափակման հարցով քննարկվող հիմնական տարբերակն ամերիկյանն է: Սակայն թե ի՞նչ է այն ենթադրում, պարզ չէ:
Իշխանությունից վստահեցնում են՝ ինչ էլ քննարկեն՝ Հայաստանի համար կարևոր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքները պահպանվելու են:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամ Հասմիկ Հակոբյանը վստահեցրեց՝ Երևանն այս հարցում զիջման չի գնալու:
«Խնդրում եմ հետևել պաշտոնական հաղորդագրություններին: Մենք նշել ենք ապաշրջափակման հետ կապված մեր սկզբունքները, մեր իրավազորությունից, մեր տարածքային ամբողջականությունից, մեր ինքնիշխանությունից դուրս մենք ոչինչ չենք անում մեր ամբողջ գործունեության ընթացքում: Եթե ստացվի ունենալ ցանկացած փուլում ապաշրջափակում, դա կլինի հրաշալի: Եթե կարողանանք ինչ-որ մի փուլում ունենալ խաղաղության համաձայնագրի ստորագրում, սա կլինի հրաշալի», - ասաց Հակոբյանը:
Իշխող ուժի պնդումները, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու, խորհրդարանական ընդդիմությանը չեն համոզում:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հիշեցնում է. - «Վեց տարի առաջ այս օրը հայտարարեց՝ «Արցախի Հայաստան է և վերջ», հիմա դուք այդ մարդուց սկզբունքայնություն և հետևողականություն եք պահանջո՞ւմ, ոչ: Ինքը պատրաստ է զիջել ամեն ինչ, որպեսզի պահի իր աթոռը»:
Ադրբեջանի նախագահի գերխնդիրն, ըստ Խաչատրյանի, այս փուլում անխոչընդոտ և առանց ստուգումների ճանապարհն է Մեղրիով: Նաև դրա համար է Իլհամ Ալիևն, ըստ Խաչատրյանի, հրաժարվում ստորագրել հինգ ամիս առաջ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը:
«Ինչ-որ թուղթ ստորագրելու համար Ադրբեջանը լրացուցիչ զիջում է Հայաստանից պահանջելու ու այդ զիջումը լինելու է Մեղրիի միջանցքը: Ի՞նչ է ստանալու Հայաստանի Հանրապետությունը, բացառապես ոչինչ չի ստանալու, որովհետև Ադրբեջանը հայելային առաջարկ չի ներկայացրել, որ հայերը կարող են, օրինակ, Մեղրիով մտնել Նախիջևան և Երասխով դուրս գալ Հայաստան ու հասնել Երևանին: Որևէ նման առաջարկություն չկա», - ասաց Խաչատրյանը:
Վարչապետ Փաշինյանն այս տարվա մարտին գրած իր հոդվածում պնդում էր՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է: Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի համար սկզբունքային է կապուղների միաժամանակյա բացումը: Փաշինյանն այս հարցն իր ասուլիսում թողել էր անպատասխան:
Տարածաշրջանային ապաշրջափակման հասնելը Հայաստանի նպատակն է, այսօր պնդեց վարչապետի թիմակիցը: Հասմիկ Հակոբյանի համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ է ընդդիմությունն այն զիջում որակում:
«Ցանկացած դրական բան, կապված ապաշրջափակման հետ, կապված խաղաղության հետ, ընդդիմությունը փաթեթավորում է միջանցք տերմինով ու փորձում է ապակողմնորոշել հասարակությանը», - նշեց Հակոբյանը:
Ապաշրջափակմանն անդրադառնալիս Ադրբեջանի նախագահը հիմնականում Սյունիքի ճանապարհից է խոսում, պահանջներ ներկայացնում: Մարուքյանը կարծում է՝ Հայաստանի բանակցողները Վաշինգտոնում ի պատասխան պետք է հիշեցնեն՝ Լեռնային Ղարաբաղը հայաթափված է, Լաչինի միջանցքը չկա և Հայաստանը Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տրամադրելու որևէ պարտավորություն չունի:
«Բայց մենք տեսնում ենք, որ Սյունիքի քարտեզը դրել են սեղանին ու դարձրել են վիճելի քննարկման առարկա, տարածք, ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությանը հայկական կողմը որևէ կերպ չի արձագանքել, որ դա վիճելի տարածք չէ: Փորձել են nice երևալ, որպեսզի այս հանդիպմանը գնան մասնակցեն, nice երևալու արդյունքում էլ շատ դիվանագետների գլխի մեջ ֆիքսվում է, որ «այնտեղ վիճելի հարց կա, փորձենք ինչ-որ բան անենք, միջամտենք», - ընդգծեց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է ամերիկյան հարթակում սպասվող հանդիպմանը, Էդմոն Մարուքյանը չի կարծում, թե Վաշինգտոնը կդառնա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի երաշխավորը: Խոսքն ընդամենը նրանց միջնորդությամբ ինչ-որ հուշագրի ստորագրման մասին է: Իսկ երաշխավորի ինստիտուտը ինքն է դեսպան աշխատած փուլում առաջարկել, բայց Բաքուն մերժել է:
«Հայկական կողմն այն չի շարունակել պնդել, հիմա սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք էս շեշտադրումն անենք, որ հանկարծ տպավորություն չլինի, թե ԱՄՆ-ը երաշխավորում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը», - ասաց նա:
Եվ մինչ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերից շեշտում են՝ ոչ այդ հուշագրի, ոչ էլ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի կենսական շահերը չեն ապահովվելու, իշխանական Հասմիկ Հակոբյանն ասում է՝ խաղաղության հասնելու ճանապարհին ցանկացած դրական քայլ առաջընթաց է: