Մատչելիության հղումներ

Թրամփն ու Պուտինն առաջիկա օրերին կհանդիպեն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 6-ին Մոսկվայում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումը «մեծ առաջընթաց է գրանցել», և ասել է, որ կարող է շուտով հանդիպել Պուտինի հետ։

«Մեծ հավանականություն կա, որ հանդիպումը շատ շուտով կկայանա», - ասել է Թրամփը, այն բանից հետո, երբ նրա խոսնակը հաստատել է, որ բաց է Պուտինի հետ հանդիպման համար՝ քննարկելու Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժումը։

Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրուցել է այն բանից հետո, երբ նրա խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ռուսները «արտահայտել են նախագահ Թրամփի հետ հանդիպելու ցանկություն, և նախագահը բաց է և՛ նախագահ Պուտինի, և՛ նախագահ Զելենսկու հետ հանդիպելու համար»։

ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է՝ «սզկբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու մասին»: Նա հավելել է, որ համաձայնեցվել է նաև հանդիպման վայրը, որը կհայտարարվի որոշ ժամանակ անց:

ԵՄ շրջանակներից դիվանագիտական աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին ավելի վաղ ասել է, որ «Թրամփ-Պուտին հանդիպում, կարծես, պատրաստվում է»։

Թրամփը պլանավորում է Պուտինի հետ բանակցել արդեն հաջորդ շաբաթ, իսկ հետո ցանկանում է եռակողմ հանդիպում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, հաղորդում են The New York Times-ը և CNN-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Վլադիմիր Պուտինը նախօրեին Կրեմլում ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին: Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ «շատ օգտակար և կառուցողական» զրույց է տեղի ունեցել, քննարկվել է ուկրաինական հակամարտությունը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարը, նաև ազդակներ են փոխանակել ուկրաինական խնդրի վերաբերյալ:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG