Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պահանջով Ռուսաստանին ԱՄՆ նախագահի տված վերջնաժամկետից երկու օր առաջ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, որը Ռուսաստան է այցելում արդեն հինգերորդ անգամ:
Շուրջ երեք ժամ տևած հանդիպումից հետո Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ «շատ օգտակար և կառուցողական» զրույց է տեղի ունեցել, քննարկվել է ուկրաինական հակամարտությունը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարը, նաև ազդակներ են փոխանակել ուկրաինական խնդրի վերաբերյալ:
«Մեր կողմից, մասնավորապես, ուկրաինական հարցի վերաբերյալ որոշ ազդակներ են փոխանցվել։ Համապատասխան ազդակներ ստացվել են նաև նախագահ Թրամփից», - հայտնել է Յուրի Ուշակովը:
Ուշակովը նշել է՝ քանի որ Պուտինը լիովին տիրապետում է տեղեկությանը, իսկ Թրամփը՝ դեռ ոչ, հավելյալ մանրամասներ կհայտնի միայն, երբ Ուիթքոֆը հանդիպման մասին զեկուցի ԱՄՆ նախագահին:
Այսօրվա հանդիպումից առաջ Bloomberg-ը հաղորդել էր՝ ամերիկացի պաշտոնյայի առաջարկներից մեկը կարող է լինել օդային հարվածները դադարեցնելը: Պատժամիջոցները կանխելու համար, ըստ գործակալության, Պուտինը մտադիր է համաձայնել դրան, սակայն, չի համաձայնի ցամաքում պատերազմը դադարեցնելուն, քանզի ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը ռազմաճակատում, իսկ Պուտինի նպատակները չեն փոխվել՝ ամբողջությամբ գրավել Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը:
Ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ևս հնարավոր է համարել, որ Մոսկվան համաձայնի օդում հրադադարի առաջարկին, քանզի Ռուսաստանի համար հիմա կարևոր է ամեն կերպ երկարաձգել Թրամփի վերջնաժամկետը, և նման զիջումներով նրա մոտ տպավորություն ստեղծել, թե փոքրիկ հաղթանակներ է գրանցում:
«Հարցը միայն այն է, թե Թրամփը պատրա՞ստ է ընկնել այս թակարդը, քանի որ և՛ ռուս-ուկրաինական պատերազմի դինամիկայի, և՛ նրա անձնական քաղաքական ռիսկերի տեսանկյունից սա պարզապես լրջագույն թակարդ է», - նշել է քաղաքագետը:
ԱՄՆ նախագահն անցած շաբաթ սպառնացել էր, որ եթե մինչև այս ուրբաթ Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին, ԱՄՆ-ն մաքսատուրքեր կսահմանի ռուսական նավթը գնող երկրների համար: Երեկ էլ հայտարարել է՝ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշում կկայացնեն կախված նրանից, թե ինչ արդյունք կունենա Ուիթքոֆի այսօրվա այցը. - «Գիտեմ, որ վաղը հանդիպում ունենք Ռուսաստանի հետ։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Այդ ժամանակ էլ կկայացնենք այդ որոշումը»։
Ակնկալվում է, որ այսօր երեկոյան ԱՄՆ նախագահը ելույթ կունենա Օվալաձև աշխատասենյակից, ելույթի թեման դեռևս հայտնի չէ։
Երեկ էլ CNBC-ին հետ զրույցում Թրամփն ասել էր, որ եթե նավթի գինը ևս 10 դոլարով նվազի, դա Պուտինին կստիպի դադարեցնել պատերազմը, քանզի երկրի տնտեսությունը ծանր վիճակում է:
Ըստ Financial Times-ի՝ Վաշինգտոնը քննարկում է ռուսական ստվերային նավատորմի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, եթե Մոսկվան մինչև ուրբաթ չհամաձայնի հրադադարին, թեև քննարկվում են նաև գործողությունների այլ սցենարներ:
Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում ասել է, որ երեկվա հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին տեղեկացրել է ռուսական ինտենսիվ հարվածների մասին: Ուկրաինան լիովին աջակցում է անհապաղ հրադադարի՝ ամերիկյան առաջարկին, սակայն Ռուսաստանը խախտել է բոլոր պայմանավորվածությունները, ասել է Վլադիմիր Զելենսկին:
«Ռուսաստանին առաջարկել ենք հրադադար հաստատել երկնքում, դադարեցնել հրթիռներով և անօդաչուներով հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին, հատկապես էներգետիկ ոլորտի։ Ռուսաստանը խախտել է այս ամենը, ընդորում՝ ցինիկ ձևով», - նշել է Զելենսկին։
Այս ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է 203.5 միլիոն դոլարի գործարքը, որի շրջանակում Ուկրաինային M777 հաուբից հրետանային զենքերի վերանորոգման, պահպանման և տեղափոխման ծառայություններ պետք է մատուցվեն: Ուկրաինայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ դա կխթանի Ուկրաինայի պաշտպանությունը:
Իսկ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ: Ռուսական զինուժն առավոտյան ավիառումբով հարվածել է Զապորոժիեի հանգստյան կենտրոններից մեկին, կա երկու զոհ, 12 վիրավոր, մեկ մարդ էլ տուժել է Խարկովում: Օդեսայում հարվածել են գազի կոմպրեսիոն կայանի, որով Ուկրաինա է մատակարարվում ադրբեջանական գազ: Զելենսկին ասել է, որ միտումնավոր են հարվածել, որպեսզի խոչընդոտեն ձմռանը նախապատրաստվելուն:
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է ռուսական քաղաքներին, Ռոստովում՝ նաև երկաթուղային կայարանի: