«Չկա ոչ մի խոսակցություն ինչ-որ փաստաթղթի ստորագրման մասին՝ սա եկեք ֆիքսենք անպայման». - բանակցությունների արդյունքները ցույց կտան՝ ինչ փաստաթուղթ կընդունվի Միացյալ Նահանգներում, «Ազատության» հետ զրուցում ասաց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Հիմա տեղում արդեն, հանդիպումների ընթացքում, գիտեք, որ արդեն մեկնել է պատվիրակությունը, և առաջիկայում հանդիպումներ են լինելու, այդ հանդիպումների արդյունքում նոր պարզ կդառնա՝ մենք ինչ ունենք ֆիքսած. դա նախաստորագրում է, դա հուշագիր է, դա խաղաղության համաձայնագիր է, դա ավելին է՝ միայն բանակցությունների ընթացքում պարզ կլինի», - ասաց Հակոբյանը:
Կառավարությունից միայն այսօր հաստատեցին Նիկոլ Փաշինյանի վաշինգտոնյան այցը: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի վարչապետը օգոստոսի 7-8-ը կգտնվի:
«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը», - ասված է հաղորդագրությունում:
«Ազատության» տեղեկություններով՝ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ, կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը նաև Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբն է ղեկավարում:
Հանդիպումներն ուրբաթ՝ ամսի 8-ին են նախատեսված:
Մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանն X-ում հրապարակել է ժամանակացույցը։ Ըստ այդմ, նախագահ Թրամփը այս ուրբաթ՝ Վաշինգտոնի ժամանակով 2:30-ին, երբ Երևանում երեկոյան 10:30 կլինի, նախ կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, 50 րոպե անց՝ Ադրբեջանի նախագահի, ապա հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ։
Հայկական կողմը պաշտոնապես միայն փոխանցել է ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ ու Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, ոչ մի խոսք՝ արդյոք այդ հանդիպումների արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն:
Մինչդեռ միջազգային մամուլում արդեն երրորդ օրն է հետբանակցային մանրամասներ են հաղորդվում՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով:
Գրվեց «խաղաղության մտադրության մասին» հայտարարության, հայ - ադրբեջանական փոխըմբռնման հուշագրի մասին, հայաստանցի վերլուծաբանները ենթադրեցին, որ բացառված չէ նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը: Նաև եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ամերիկյան հայտարարության մասին: Այս տեղեկություններից ոչ մեկը իշխանությունը չի հաստատում:
Փաշինյանի թիմակիցների առավելագույն ակնկալիքը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, բայց մեծ առաջընթաց ՔՊ-ում համարում են անգամ այդ թեմայով խոսակցության արձանագրումը: Բաքուն հինգ ամիս է չի ստորագրում խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծը՝ չհրաժարվելով նախապայմաններից՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջ են տեսնում, և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
«Օրակարգը, ինչ որ հայտնի է հաղորդագրությունից, դրանից ավել, բնականաբար, տեղեկացված չենք, և ենթադրելի է, ակնկալում ենք, որ կունենանք հստակ առաջխաղացում թե՛ խաղաղության համաձայնագրի հետ կապված, թե՛ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության հետ կապված», - ասաց Հասմիկ Հակոբյանը:
Իսկ ի՞նչը Հայաստանի իշխանությունը կհամարի առաջխաղացում, ակնկալո՞ւմ են խաղաղության համաձայնագրի ստորագրում:
«Դա պլան մաքսիմումն է, բնականաբար, մենք երկար տարիներ է արդեն բանակցում ենք, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, գիտենք՝ բոլոր կետերը համաձայնեցված են, դա արդեն հայտարարված է, և մնում է միայն ստորագրվի այդ համաձայնագիրը: Արդյոք կունենանք էդ աստիճան առաջ քայլ՝ բնականաբար, սա մեր ցանկությունն է: Սակայն ունենալ ցանկացած՝ թեկուզ խոսակցություն, թեկուզ ֆիքսում այդ խոսակցության՝ սա ևս մեծ առաջընթաց է», - նշեց իշխանական պատգամավորը:
Հայաստանի կառավարության հաղորդագրությունում խոսք կա, որ Թրամփ-Փաշինյան-Ալիև բանակցությունները նաև տնտեսական համագործակցության առաջմղման շուրջ են լինելու: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք խոսքը Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի բացման ու դրանում ամերիկյան ներգրավվածության մասին է, արդյոք կողմերը հնարավոր է հայտարարեն համաձայնության մասին, դեռ պարզ չէ:
«Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ ձևաչափով հանդիպումը՝ միտված տարածաշրջանում խաղաղության, տնտեսական համագործակցության առաջխաղացմանը, հիմա, կստացվի՞ ֆիքսել ցանկացած առաջխաղացում, հրաշալի կլինի, որովհետև բանավոր խոսակցությունները, փորձը ցույց է տալիս, որ ուղղակի բանավոր խոսել և չֆիքսել խոսացածը՝ հետո կողմերից մեկը կարող է ասել, եղել են նման դեպքեր, որ նման բան տեղի չի ունեցել», - ընդգծեց իշխանական պատգամավորը:
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել դեռ ամերիկյան նախորդ վարչակազմի օրոք, ապրիլքսանչորսյան իր ուղերձում նախագահ Թրամփը գրել էր, թե «անհամբեր են՝ շարունակելու Հայաստանի հետ հաստատված ռազմավարական գործընկերությունը»: Դատելով Հայաստանի կառավարության այսօրվա հաղորդագրությունից՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման օրակարգի հիմնական հարցը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացումն է լինելու: